Сделать свой сайт бесплатно

Реклама

Создай свой сайт в 3 клика и начни зарабатывать уже сегодня.

@ADVMAKER@

Երևանյան տեղանունները

03.12.2011

Տոպոնիմիկայից հայտնի է, որ տեղանունները կարող են նույնը լինել և գտնվել միանգամայն իրարից հեռու վայրերում։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ տվյալ վայրի բնակիչները մասնակի կամ էլ ամբողջապես տեղափոխվում են մի նոր տեղ և ի հիշատակ իրենց նախկին ծննդավայրի, պահում են նրա անունը։ Այդպիսի օրինակ կարող են ծառայել Ամերիկայում ստեղծված անունների կրկնությունը։ Սակայն Երևանում վերահաստատված տեղանունների պատմությունն այլ է։ Դրանք սոսկ աշխարհագրական անունների տեղափոխություն չեն, այլ տեղանուններ են, որոնք վերահաստատվել են Երևանում, կապված հայրենադարձաթյան հետ։ Սա կապված է աշխարհի և մարդկության առաջ կատարված այն հանցագործության հետ, որը կատարվեց սուլթանական Թուրքիայի կողմից։ Երբ սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը, ապա պանթյուրքիստները պատեհ առիթը չթողեցին և անցան վաղուց ծրագրված իրենց հայաջինջ քաղաքականության իրագործմանը։ Կատարվեց պանիսլամիստների երազած և պանթյուրքիստների ծրագրած գործերի իրականացումը։ Այդ կանխամտածված ոճիրը իրագործեցին Իթթիհատ վե թերաքք կուսակցության տրումվիրատւը՝ Թալիաթ, Էնվեր, Ջեմալ փաշաները։ Էնվերը և Թալիաթը գտնում էին, որ եթե Թուրքիան պատերագմից անգամ հաղթող դուրս գա, միևնույն է հայերի առկայությունը Թուրքիային ձեռնտու չէ, քանի որ հայերը պիտի ձգտեին անկախության։ Եվ Թուրքիան ցանկանալով ընդմիշտ վերջ տալ հայկական հարցին՝ իմպերիալիստական Գերմանիայի օժանդակությամբ, հանձինս Վիլհելմ 2-ի, իրագործեց այդ հարցի «լուծման» թուրքական վայրագ մեթոդը: Եվ ինչպես հայտնի է, օրը ցերեկով «քաղաքակիրթ» վիլհելմյան Գերմանիայի մասնակցությամբ սկսվեց հայ ժողովրդի նկատմամբ կիրառվող ցեղասպանությունը։ Քանի որ գերմանական իմպերիալիզմը թե քաղաքականապես և թե տնտեսապես ձգտում էր իրեն ենթարկել Մերձավոր Արևելքը, հետևաբար ամեն միջոցի դիմեց իր դիրքերը Թուրքիայում ամրացնելու ևԹուրքիան հենարան դարձնելու Մերձավոր Արևելքում։ Դեռ 1898 թվականին Վիլհելմ 2-ը սուլթան Համիդի հետ վարած հաջող բանակցությունների հետևանքով հնարավորություն ստացավ Բեռլին–Բաղդադ գծի կառուցման համար։ Գիծը ստացավ Բաղդադի գծի անունը, որովհետև այդ մագիստրալը պետք է դուրս գար Պարսից ծոց Բաղդադի վրայով։ Եվ քանի որ երկաթուղին կապ էր հաստատելու Բեռլինի և Բաղդադի միջև, անցնելու էր Բոսֆորի վրայով, հետագայում կրճատ անվանելու համար կոչվեց «ԲԲԲ»՝ կազմված Բեռլին, Բոսֆոր, Բաղդադ անունների սկզբնատառերից: Հայերի տարագրումը դեպի Միջագետք Գերմանիայի համար ուներ նաև ռազմա-տնտեսական նշանակություն։ Նա ուզում էր Բաղդադի գծի շուրջը տեղավորել այնպիսի մի կենսունակ տարր, ինչպիսին են հայերը։ Եվ հայ ժողովրդի բաժինը եղավ դաժան պատիժը,— մի կողմից կոտորածները, մյուս կողմից բռնի գաղթեցումը իրենց բնակավայրերից: Հայերի ջարդերի մանրամասնություններն այնպիսին են, որ մարդկային միտքը հրաժարվում է դրանք ըմբռնել։ Իթթիհատական տրումվիրատի չարանենգ ու ծածկամիտ ցեղասպանությունը աննախընթաց եղեռնապատում էր։ Հայ ժողովրդի մի մեծ զանգվածի բեկորներ տարագրվեցին Արաբական անապատներ, որտեղից էլ մի զգալի մասը անցավ Մերձավոր Արևելքի երկրներ և բնակություն հաստատեց այնտեղ։ Հետագայում, արդեն քեմալական իշխանության օրոք, Անատոլիայի հյուսիս-արևմտյան մասում (Բութանիայում և Իզմիրում) կենդանի մնացած հայերը նույնպես տարագրվեցին։ Սրանք էլ միացան թուրքական յաթաղանից հրաշքով կենդանի մնացած իրենց եղբայրներին և գնացին օտար ափերում օթևան փնտրելու։ Նրանց մի մասը գնաց ավելի հեռավոր երերներ, ընդհուպ մինչև Եվրոպա և Ամերիկա։ Ժամանակի ընթացքում, սկսած 1925 թվականից, օտար ափերում հանգրվան գտած հայերը սկսեցին ներգաղթել հայրենիք՝ Խորհրդային Հայաստան։ Նրանցից շատերը բնակություն հաստատեցին Երևան քաղաքի շրջակայքում։ Նորաստեղծ թաղերից ու ավաններից շատերին տրվեցին այն գավառների ու քաղաքների անունները, որտեղից տարագրվել էին հայերը։ Դա բնական էր, որովհետև գալով Հայաստան՝ նրանք ցանկացան պահել թե իրենց և թե իրենց հայրերի ու տատերի ծննդավայրերի անունները, այն նվիրական տեղանունները, ուր նահատակվեցին իրենց հարազատները։ Այդ տեղանուններով հայրենի երկրում կոչեցին ոչ միայն առանձին բնակավայրեր, այլև թաղեր, որոնց զգալի մասը կազմում է Երևանի անբաժանելի մասը։ Ի դեպ, սկզբնական շրջանում Երևանի թաղերի անուններն սկսվում էին «նոր» ածականով, բայց ժամանակի ընթացքում «նոր» մասնիկը ընկավ և այժմ այդ անունները արտասանում ենք առանց «նոր»–ի։ ԲՈԻԹԱՆԻԱ Այսպես է կոչվում Երևանի մեծ թաղերից մեկը, որը սկսվում է կայարանի շրջակայքից, հասնում մինչև Վարդավառի զբոսայգին, մյուս կողմից՝ մինչև Նոր Արեշ։ Այս անունը Երևանում սկսեց գործածվել, երբ պանդխտությունից հայրենիք վերադարձան և այդ հատվածում բնակություն հաստատեցին առաջին ներգաղթ հայերը, որոնց ճնշող մեծամասնությունը եղեռնի ժամանակաշրջանում տարագրվել էր Փոքր Ասիայի Բութանիա նահանգից։ Բութանիան պատմական այն նահանգի անունն է, որը գրավում է Փոքր Ասիա թերակղզու հյուսիս-արևմտյան Սև և Մարմարա ծովերին հարող մասը։ Վարչական տեսակետից Բութանիայի մեջ մտել են հետևյալ հայաբնակ մի քանի գավառներ՝ Նիկոմիդիա (Իզմիթ), Ատաբազար, Գասթեմունի, Բուրսա և այլն։ Պատմական Բութանիայից Երևան ներգաղթեցին գլխավորապես Ատաբազարի և Նիկոմիդիայի հայերի բեկորները։ Ատաբազար կամ Ադաբազար եղել է Նիկոմիդիայի կամ Իզմիթի գլխավոր քաղաքը։ Փոքր Ասիա թերակղզու հյուսիս-արևմտյան մասում։ Քաղաքը իր ժամանակին հիմնվել է կղզու վրա և ունեցել է շատ աշխույժ շուկա, որի պատճառով էլ թուրքերը տվել են Ատաբազար անվանումը, որը նշանակում է կղզու շուկա` ատա-ադա՝ «կղզի» և բազար՝ «շուկա», այս բառերի զուգակցումից։ Քաղաքի և շրջակա հայ բնակչությունը կոտորվեց և տարագրվեց։ Վերապրող ատաբազարցիներից ներգաղթել են նաև Սովետական Հայաստան և իր ժամանակին բնակություն հաստատել ներկա Բութանիա թաղամասում։ ԱՐԱԲԿԻՐ Երևանի հյուսիս-արևմտյան մասում 1924 թվականին որոշվեց հիմնել Նոր Արաբկիր անունով ավան։ 1925 թվականի հոկտեմբերի 25-ին դրվեց ավանի հիմքը։ Այդ գործում մեծ դեր խաղաց Սփյուռքի արաբկիրցիների հայրենակցական միությունը։ Արաբկիր անունը գալիս է Արևմտյան Հայաստանից։ Բուն Արաբկիրը գտնվում է Խարբերդի նահանգում (վիլայեթում), Եփրատի վտակներից մեկի՝ Արևմտյան Եփրատի, կամ Կարասուի վրա, Խարբերդի և Ակնի միջև։ Արաբկիրը աչքի էր ընկնում որպես վաճառաշահ քաղաք, շրջապատված էր մշակված արգավանդ դաշտերով։ Մինչև 1915 թվականի ապրիլյան եղեռնը Արաբկիրը իր արվարձաններով ուներ քսան հագար հայ։ Արևմտահայ մյուս հայաբնակ վայրերի նման Արաբկիրն էլ ենթարկվեց ցեղասպանության արհավիրքին։ Կենդանի մնացածները ստիպված եղան աքսորի ճամփան բռնել, իհարկե, առանց գիտենալու, թե ուր են գնում։ Կենդանի մնացածներից մի մասը տարրեր կողմերից գաղթեց Հայաստան, իսկ մի մասն էլ՝ արտասահմանում բնակություն հաստատեց և ի հիշատակ իրենց հայրենի Արաբկիրի, հիմնեցին Հայրենակցական կամ Վերաշինական միություններ: Արաբկիրցիների Հայրենակցական միությունների ջանքերով էր, որ, ինչպես ասվեց, 1925 թվականին, Երևան քաղաքի հյուսիսային մասում հիմնադրվեց Նոր Արաբկիր արվարձանը։ Արաբկիրցիների անձնվեր աշխատանքով ու օժանդակությամբ Արաբկիրը վերափոխվեց։ Այնտեղ կառուցվեցին բազմաթիվ տներ, ստեղծվեցին ծառազարդ փողոցներ, աղբյուրներ։ Արաբկիրում հիմնվեցին ոչ մեծ գործարաններ՝ փայտամշակման, հագուստի, կոշիկի և այլ ձեռնարկություններ։ Բայց հետագայում, երբ Երևանի սահմանները ընդարձակվեցին Արաբկիրը մտավ քաղաքի մեջ։ Այն մեծացավ, բարեկարգվեց, վերափոխվեց ու դարձավ Երևանի ամենաբազմամարդ թաղերից մեկը։ ՄԱԼԱԹԻԱ Բուն Մալաթիան՝ պատմական Մելիտինեն, գտնվում է Խարբերդ նահանգի (վիլայեթի) հարավ-արևմտյան մասում։ Քաղաքը փռված է մի գեղատեսիլ հովտում, շրջապատված պարտեզներով և այգիներով։ Մալաթիայում հայերի թիվը մինչև նրանց տարագրումը կազմում էր 20 հազար մարդ։ Դեռ եղեռնից առաջ հայերը հարկադրված էին մեծ խմբերով պանդխտության դիմել՝ գնալ արտասահմանյան երկրներ, ընդհուպ մինչև Ամերիկա։ 1925 թվականին հին մալաթիացիները Շահումյանի շրջանում հիմնում են մի ավան և Մալաթիա կոչում։ ՍԵԲԱՍՏԻԱ Սեբաստիա անունով ավանը հիմնադրվեց 1927 թվականին ։ Ժամանակի ընթացքում Երևանը ընդարձակվեց, տարածվեց Հրազդանի աջ ափին և իր մեջ առավ Շահումյանի շրջանը, որի կազմում էր նաև Սեբաստիա ավանը։ Բուն Սեբաստիան, որը ներկայումս թուրքերը Սըվազ են անվանում, եղել է պատմական Հայաստանի Փոքր Հայքի կազմում։ Հետագայում դարձել է Սեբաստիա նահանգի կենտրոնը։ Քաղաքը գտնվում է մի ընդարձակ դաշտում, ուր հոսում է Ալիս գետը։ Ինչպես հայտնի է, Արծրունի Սենիքերիմը նեղվելով թուրքերից, իր գահը 1021 թվականին տեղափոխվեց Սեբաստիա, և Վասպուրականից եկած հայերը այստեղ կառուցեցին Ս. Նշան հայտնի վանքը, որը կանգուն է մինչև այսօր։ Բացի դրանից Սեբաստիայի շուրջը կան հայերի կողմից ստեղծված պատմական շատ հուշարձաններ ու նվիրական վայրեր, որոնք լուռ վկա են հայ կյանքի և մշակույթի։ Հիշենք «Քառասուն մանկանց», «Սև հողեր» կոչվող վայրերը, ուր թաղված են Լենկթեմուրի օրոք նահատակված հազարավոր հայեր։ Ինչպես հայտնի է Լենկթեմուրը, երբ արշավեց Սեբաստիա, այնտեղ 100000-ից ավելի հայություն էր բնակվում։ Այդ արյունահեղ բռնակալը ահավոր ավերածություններ ու կողոպուտներ կատարեց Սեբաստիայում։ Կոտորեց ավելի քան չորս հազար մարդ։ Բռնել տվեց բոլոր հայ զորավարներին և իշխաններին ու ողջ-ողջ թաղեց։ Հենց այդ նահատակների թաղված վայրն էլ կոչվում է «Սև հողեր», որը փաստորեն Սեբաստիա քաղաքի հեռավոր արվարձաններից մեկն է։ Սեբաստիայից մոտ քսան կիլոմետր հեռու գտնվող հուշարձաններից է Հրեշտակապետ կոչվող վանքը։ Սեբաստիայի շուրջը կային բազմաթիվ հայաբնակ գյուղեր, որոնցից Բրգնիքը եղել է Արևմտահայ բանաստեղծության խոշորագույն դեմքերից մեկի՝ Դանիել Վարուժանի ծննդավայրը։ Սեբաստիա նահանգի կազմի մեջ էին մտնում հայաշատ մի շարք գավառներ։ Հիշենք դրանցից մի քանիսի կենտրոնները՝ Տիվրիկ, Եվդոկիա, Շապին-Գարահիսար, Մարզվան և այլն։ Սրանք բոլորն էլ հիշարժան վայրերն են մեր ժողովրդի հեռավոր ու մոտ անցյալի պատմությունից։ Օրինակ` Տիվրիկը եղել է թոնդրակցիների կամ Պավլիկյան շարժման կենտրոնը։ Շապին–Գարահիսարը հանդիսանում է հայ ազգային ազատագրական շարժման և ռազմական գործիչ զորավար Անդրանիկի և ճարտարապետ Թորոս Թորամանյանի հայրենիքը։ Շահումյանի շրջանում Սեբաստիա անունը հավերժացավ ոչ միայն այդ անունը կրող ավանով, այլև Սեբաստիա անունը կրող գլխավոր փողոցներից մեկով։ Փողոցի վրա են սեբաստացի Դանիել Վարուժանի անվան միջնակարգ դպրոցը։ Սեբաստիա անունն է կրում նաև տեղի մետաքսի գործարանը։ ԿԻԼԻԿԻԱ Երևանի Կիլիկիա անունը կրող թաղը գտնվում է Հաղթանակի կամուրջի ձախ կողմում, որտեղից ձգվում է Իսկովի պողոտան։ Հետաքրքիր է իմանալ, թե որտեղից է գալիս այս անունը, ինչ է պատմում նա հայ ժողովրդի անցյալից և որտեղ է գտնվում բուն Կիլիկիան։ Ինչպես հայտնի է, տասնմեկերորդ դարի առաջին կեսին (1045 թ.), Գագիկ երկրորդի թագավորության անկումից հետո դադարեց գոյություն ունենալ Բագրատունյաց թագավորությունը։ Այդ պատճառով հայերը մեծ խմբերով գաղթում են դեպի Միջերկրական ծովի արևելյան հատվածին հարող այն մասը, որը կոչվում է Կիլիկիա։ Ինչպես հայտնի է, հայկական Կիլիկյան պետության հանդես գալը համաշխարհային պատմության եզակի փաստերից է, երբ ժողովուրդը իր պետությունը փոխադրում է մի ուրիշ տեղ։ Հայերի մոտ նա հայտնի է «Տուն Կիլիկիոյ», «Աշխարհն Կիլիկիոյ» և «Սիսվան» անուններով։ Կիլիկիայի սահմաններն են, արևելյան կողմից՝ Ամանոսյան լեռները, հյուսիսային և արևմտյան կողմից՝ Տավրոսյան լեռնաշղթան, իսկ հարավից՝ Միջերկրական ծովը։ Կիլիկիայի տարածությունը կազմում է մոտ 40 հազար քառակուսի կիլոմետր։ Նրա երկարությունը (արևելքից արևմուտք) հասնում է 400 կիլոմետրի, իսկ լայնությունը (հյուսիսից հարավ) մոտ 100 կիլոմետրի։ Կիլիկիայում, արևելյան կողմում, Տավրոսյան լեռները ճյուղավորվում են, հարավային ուղղությամբ, դեպի Սիրիա՝ Ամանոսյան լեռներ անվան տակ, որը իր հերթին բաժանվում է երեք խմբի. դրանք են՝ Սև լեռներ (Գյավուր դաղ), Կըզըլ դաղ (Ջեբել Ահմար) և Ջեբել Մուսա (Մուսա լեռ)։ Վերջինս պատմական այն լեռն է, որտեղ հավաքվեցին Սուետիայի հայկական վեց գյուղերը, թուրքական յաթաղանից փրկվելու համար։ Երկիրը աշխարհագրական տեսակետից բաժանվում է երկու մասի՝ Լեռնային կամ Քարային Կիլիկիա և Դաշտային Կիլիկիա։ Առաջինը գտնվում է հյուսիս-արևմտյան մասում, իսկ երկրորդը՝ հարավ-արևելքում, Միջերկրականի ափին։ Կիլիկիան վարչական բաժանման տեսակետից, մինչև առաջին համաշխարհային պատերազմը մտնում էր Ադանայի վիլայեթի (նահանգի) մեջ։ Լեռնային Կիլիկիան եղել է ավելի անառիկ և հայերը այս մասում շատ ավելի հայտնի դարձան։ Այստեղ էին գտնվում Սիս, Հաճըն, Մարաշ և Զեյթուն հայաշատ բնակավայրերը, որոնց անունները մեր սրտին ու մտքին շատ բան են պատմում։ Ռուբեն Ա իշխանը 1081 թվականին հիմք դրեց Կիլիկիայի հայկական Ոուբինյան պետությանը։ Այդ պետությունը գոյություն ունեցավ մինչև 14-րդ դարի վերջը, երբ Եգիպտոսի մամլյուկները ներխուժեցին Կիլիկիա և կործանեցին Կիլիկիայի հայկական թագավորությունը։ Նոր ժամանակներում Կիլիկիան ընկավ թուրքական տիրապետաւթյան տակ և հայ ժողովրդի վրա կախվեց թուրքական յաթաղանը։ Կիլիկիան առաջին համաշխարհային պատերազմից առաջ, Թուրքիայի կողմից բաժանված էր Ադանա և Հալեպ վիլայեթների միջև։ Ադանայի վիլայեթի մեջ էր մտնում Կիլիկիայի արևմտյան՝ մեծ մասը մինչև Ալեքսանդրետի ծոցը, իսկ Կիլիկիայի արևելյան մասը՝ Մարաշի և Ալեքսանդրետի գավառները մտնում էին Հալեպի վիլայեթի կազմում։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Կիլիկիան գրավեցին ֆրանսիական զորքերը և մնացին մինչև 1922 թվականը, որից հետո թողեցին Կիլիկիան, պահելով միայն Ալեքսանդրետի սանջակը, որը վերադարձրին թուրքերին 1939 թվականին։ Երկու դեպքերում էլ՝ թե 1922 թվականին և թե 1939 թվականին հայերը գաղթեցին դեպի Սիրիա և Լիբանան։ Կիլիկիայի առավել նշանավոր և հայաբնակ քաղաքներից էին Միսը, Մարաշը, Զեյթունը։ Ադանան Կիլիկիայի ամենամեծ քաղաքն էր, որը գտնվում էր Դաշտային Կիլիկիայում՝ Սեյխան կամ Սիհուն գետի աջ ափին։ Շրջապատված էր պարտեզներով։ Ներկայումս Ադանա քաղաքի անունը թուրքերը փոխել են և անվանում են Սեյխան։ Լեռնային Կիլիկիայի ամենամեծ քաղաքն էր Միսը, որը ժամանակին եղել է Ռուբինյան թագավորության մայրաքաղաքը։ Նա գտնվում է ընդարձակ դաշտի մեջ, փռված լեռան լանջի վրա և շրջապատված նշի, նարինջի և ուրիշ պտղատեսակների այգիներով։ Սիսում կար հայկական շատ հարուստ վանք՝ իր թանգարանով։ Այժմ լեռան վրա դեռ նշմարվում են հին բերդի երեք դռները և պարիսպները հետքերը։ ՄԱՐԱՇ Երևանի Մարաշ կոչվող թաղը գտնվում է Նորքից ոչ հեռու։ Այս արվարձանը իր անունը ստացել է Լեռնային Կիլիկիայում գտնվող Մարաշ բնակավայրից, որը գտնվում է Ադանայից մոտ վաթսուն կիլոմետր հյուսիս՝ Տավրոսի լանջերին, Սեյխան կամ Ճիհուն գետի արևելյան հովտում։ Մարաշը ժամանակին Կիլիկիայի կարևորագույն և հարուստ քաղաքներից էր։ Անցյալում կոչվել է Գերմանիկ։ Այս քաղաքի կլիման շատ առողջարար է, ջուրը՝ ընտիր։ Եղեռնից առաջ Մարաշում բնակվում էին մոտ քսան հազար հայեր: Մարաշցիները աչքի են ընկել որպես լավ կահույքագործներ, և համարվել են հաստ շալագործներ: Արտահանել են արծաթաթել գործվածքներ և բամբակեղեն։ Կրթական առումով Մարաշը ժամանակին առաջադեմ քաղաք էր։ Մարաշի հայերի զբաղմունքը այգեգործությունն ու երկրագործությունն էր։ Առավել տարածված գյուղատնտեսական կուլտուրաներից էին՝ բրինձը, բամբակը, ծխախոտը, խեժը։ Մարաշի մոտ էին գտնվում Շուղուրի Կարմիր վանքը և Վարագա վանքը։ Ի դեպ, վերջինս չպետք է շփոթել Վասպուրակաևի Վարագի հետ։ ԶԵՅԹՈՒՆ Այս անունը կրում է Երևանի հյուսիսային մասում գտնվող թաղերից մեկը։ Նա իր անունը ստացևլ է այն նշանավոր Զեյթունից, որը գտնվում է Կիլիկիայի հյուսիս-արևելյան մասում։ Այս լեռնային անառիկ շրջանը շատ բանով նման է Արևմտյան Հայաստանի Սասունին։ Զեյթունը մի լեռնային աշխարհ է, որը մտնում է Տավրոսի սիստեմի մեջ: Երկիրը կտրտված է բազմաթիվ ձորերով ու կիրճերով։ Երբ Կիլիկյան հայկական թագավորությունը կորցրեց իր անկախությունը, ապա հայերի մի զգալի մասը այստեղ ապաստանեցին և վարում էին կիսաանկախ վիճակ։ Սասունն ու Զեյթունը բախտակից աշխարհներ են, նրանց մեջ ընդհանուր շատ բան կա, թե բնության, թե դիրքի, թե հերոսական անցյալի։ Ճշմարիտ է ասված, որ եթե Տարոնի գահը Սասունն է, ապա Կիլիկիայինը՝ Զեյթունը։ Երկուսն էլ լեռնային աշխարհներ են, անմատչելի երկրներ։ Զեյթունցիներն էլ իրենց անառիկ հայրենիքում կռվել են թուրք բռնակալների դեմ և հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման պատմության մեջ փառավոր էջեր գրել։ Զեյթունցիները համառորեն կռվում էին սուլթանական Թուրքիայի դեմ։ Այդ պայքարի ամենափայլուն արտահայտությունն էր Զեյթունի 1862 թվականի ապստամբությունը, որն, ըստ էության, համաշխարհային բնույթ կրող հերոսամարտ էր։ Զեյթուն անունն էլ Սասունի նման ժամանակի ընթացքում մեր ազգային հպարտությունը դարձավ։ Զեյթուն գավառի կենտրոնը կոչվում էր Զեյթուն կամ Ուլինա։ Այս ավանը գտնվում է Կիլիկիայի Սիս քաղաքից հյուսիս՝ Մարաշի և Հաճընի միջև, Անդրտավրոսյան լեռնաշղթայի խորքում գտնվող մի բարձրավանդակի վրա։ Զեյթունը առողջ օդ ու ջուր ունի։ Ընդհանրապես կարծում են, որ «զեյթուն» բառը առաջ է եկել նրանից, որ Կիլիկիայի այդ մասում շատ ձիթենիներ կան և երկիրը ևս կոչվել է «Զեյթուն», որ թուրքերեն է։ Բայց այդ կարող էր տեղի ունենալ թուրքերի տիրապետությունից հետո։ Ղևոնդ Ալիշանը հավանական չի համարում այդ բացատրությունը, որովհետև, նկատում է նա, որ ձեռագրերի մեջ ասված է «Զեթուն» և ոչ թե «Զեյթուն»։ Այսպիսի փոփոխություններ աշխարհագրական անունների միջև հաճախ է պատահում։ Թուրքերը փոխ առնելով հայկական անունները կամ աղճատել են, կամ տվել թուրքական նշանակություն։ Ինչ վերաբերում է երկրին, Ղ. Ալիշանը գտնում է, որ Զեյթունը, իբրև մի ինքնուրույն երկիր սկսել է կազմակերպվել Ռուբինյան կամ Սիսվանյան թագավորության անկումից հետո, երբ որոշ հայ իշխաններ շարունակեցին իրենց անկախությունը պահել լեռնային անառիկ տեղերում։ Այդ առթիվ Ալիշանը առաջ է բերում 1473 թվականին գրված մի հիշատակագիր, որի մեջ ասված է, թե հայոց մեծ զորավար Հեթումի կին Զարմանուհին իր ամուսնու դավաճանական սպանությունից հետո, պատերազմիկ մի խմբի գլուխ անցած քաշվել է լեռները, գնացել է Զեյթուն, տիրել է Կապան բերդին։ Այդ հիշատակարանը առաջ բերելով, Ալիշանը կամենում էր մի կապ գտնել Զեյթուն և Զարմանուհի անունների մեջ և նրան համարել Զեյթունի անկախության հիմնադիրը։ Տարագրումից առաջ Զեյթունի գավառի հայերի թիվը հասնում էր 20 հազարի։ Զեյթունցիների հայրենիքը չնայած լեռնոտ էր և երկրագործությանը քիչ նպաստավոր, բայց ժիր ու աշխատասեր զեյթունցիները իրենց դարատափերի վրա զբաղվում էին երկրագործությամբ, ինչպես նաև խաղողի և ձիթենիների մշակումով։ Զեյթունում կան շատ նվիրական վայրեր, բերդեր ու վանքեր, որոնք կիսավեր վիճակում մնում են լուռ վկա հայ կյանքի։ Զեյթունի մոտ է ս. Աստվածածնի վանքը, Մարմշել բերդը, որը պատկանել է Գոռ Վասիլին։ Նշանավոր են և գյուղերը իրենց անցյալով ու հնություններով։ Այսպես, Ֆռնուզը իր վանքով, Կիկսոն է աքսորվել Հովհ. Ոսկեբերանը։ Կիկսոնի և Ֆռնուզի միջև է գտնվում Ստեփանոս Ուլնիցու վանքը։ Ինչպես տեսանք, Երևանի տեղանունները արտացոլում են նրա անցյալը ու մոտակա պատմությունը։ Նրանք ապրում են ավելի երկար, քան նրանց կոչողները։ Ահա թե ինչու Երևան քաղաքի հետ կապված տեղանունների առաջացման պատմությունը, ինչպես ասվեց, դառնում է նրա տարեգրությունը։ Կամսար Ավետիսյան  

Комментарии (0)Просмотров (375)


Зарегистрированный
Анонимно